Armenian Unity of Latvia կազմակերպությունը անհրաժեշտ է համարում հրապարակայնորեն հայտարարել, որ չի աջակցում և չի կիսում Բալթյան երկրների հայկական համայնքների անունից հրապարակված նամակի բովանդակությունն ու նախաձեռնությունը։
Armenian Unity of Latvia-ն ներկայացնում են կոնկրետ մարդիկ և իրականացնում են կոնկրետ աշխատանք, որի մասին հնարավոր է տեղեկանալ մեր պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։ Արդեն հինգ տարի շարունակ մենք կազմակերպում ենք վարպետաց դասեր, նեթվորքինգներ, համերգներ, հանդես ենք գալիս սոցիալական նախաձեռնություններով և հանդիսանում ենք միջնորդ հայկական համայնքի և Լատվիայի պետական կառույցների միջև։
Չնայած մեր հասարակական, ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքին՝ մենք մեզ թույլ չենք տալիս հանդես գալ բարձրաձայն հայտարարություններով կամ խոսել Լատվիայի բոլոր հայերի անունից։ Ի տարբերություն «Havatk» համայնքի ղեկավարի, որի գոյության մասին մենք զարմանքով տեղեկացանք միայն նշված նամակը կարդալուց հետո։ Տեղեկություն որոնելիս պարզ դարձավ, որ տվյալ համայնքը գոյություն ունի արդեն ավելի քան 15 տարի, սակայն մենք չկարողացանք գտնել որևէ հասարակական նախաձեռնություն կամ միջոցառում, որը կազմակերպված լինի Լատվիայի հայ համայնքի համար։ Նամակը ստորագրած այդ համայնքի ղեկավարը մեզ նույնպես անհայտ է և երբևէ չի նկատվել Լատվիայի հայկական համայնքի որևէ միջոցառման ժամանակ։
Մենք համոզված ենք, որ որևէ խումբ կամ առանձին անձինք իրավունք չունեն խոսել Լատվիայի ողջ հայկական համայնքի անունից, առավել ևս հանդես գալ նման լայն արձագանք ունեցող և քաղաքական երանգավորում ունեցող հայտարարություններով՝ առանց համայնքի մանդատի և համաձայնության։
Armenian Unity of Latvia-ն իր գործունեությունն իրականացնում է քաղաքականությունից դուրս։
Մեր կազմակերպությունը ստեղծվել է և շարունակում է գործել մեկ հիմնական նպատակով՝ Լատվիայում հայկական համայնքին աջակցել մշակութային, կրթական և բարեգործական նախաձեռնությունների միջոցով, հայկական ժողովրդի ազգային ինքնության, լեզվի, պատմության և հոգևոր ժառանգության պահպանմամբ։
Մեր առաքելությունն է կրթել, միավորել և ներկայացնել հայկական մշակույթը լատվիական հասարակությունում, նպաստել երկխոսությանը, փոխադարձ հարգանքին և համայնքային կապերի ամրապնդմանը, այլ ոչ թե խորացնել պառակտումը կամ իրական աշխատանքը փոխարինել բարձրագոչ հայտարարություններով։
Մենք համաձայն չենք տվյալ նամակի բովանդակության հետ և կարծում ենք, որ համայնքի անունից հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է իրական, հետևողական և թափանցիկ աշխատանք իրականացնել այդ համայնքի համար, արժանանալ մարդկանց վստահությանը կոնկրետ գործերով, ոչ թե խոսքերով։
Armenian Unity of Latvia-ն կշարունակի իր գործունեությունը՝ առաջնորդվելով պատասխանատվության, չեզոքության, ինստիտուտների նկատմամբ հարգանքի սկզբունքներով և կենտրոնանալով կառուցողական աշխատանքի վրա՝ ի շահ Լատվիայի հայկական համայնքի։

Խորհրդի անդամներ: Հայկ Զաքոյան, Ռուզաննա Գրիգորյան, Ելենա Եսայան, Նաիրա Կոսյան